Մասիս քաղաքում Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ընտրողների հետ
Քաղաքական«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում ունեցավ Մասիս քաղաքի ընտրողների հետ: Արմենպրեսի հաղորդմամբ` նա ներկայացրեց ՀՎԿ-ի 30 քայլից բաղկացած նախընտրական ծրագիրը: Բաղդասարյանն իր ելույթում խոսեց բարեկեցիկ երկիր ունենալու իր կուսակցության տեսլականի մասին: Նրա խոսքով` հարկավոր է զարկ տալ ՓՄՁ-ների զարգացմանը, «փայփայել» աշխատող, արարող մարդուն: ՀՎԿ առաջնորդի ներկայացմամբ` իրենց ծրագրի առանցքային ծրագրային դրույթներից է, որ 18 տարեկան երեխան չծառայի բանակում: Նրա դիտարկմամբ` այսօր շատ մարդիկ պատրաստ են աշխատավարձի դիմաց պաշտպանել իրենց հայրենիքը:
«Մեր քաղաքական համակարգի հաղթանակ նշանակում է այս համակարգի ներդրում: Առաջարկում ենք բազմաթիվ նորարարական լուծումներ: Մեր ներկայացրած 30 քայլերը Հայաստանին կբերեն օրենք ու արդարություն: Դուք եք ձեր քվեի տերը: Ամեն ինչ ձեզանից է կախված: Դուք եք կարևոր, մասնակցեք քվեարկությանը: Ում համար ուզում եք քվեարկեք` միայն թե ջիգյարով»,- իր թիմին հաջողություն մաղթելով` ասաց նա: