Վայքում չկան գործարաններ, մարդիկ արտագաղթում են. Բնակիչները բողոքեցին վարչապետին (ֆոտո)
ՔաղաքականՎայքեցիներին հուզող ամենակարեւոր խնդիրներն են աշխատատեղերի բացակայությունն ու ցածր կենսաթոշակները:
Այսօր՝ մարտի 12-ին, Վայոց ձորի Վայք քաղաքում ընտրողները վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնեցին, որ քաղաքում չկան արտադրական գործարաններ, ինչի պատճառով բնակիչներից շատերը կամ ընդմիշտ հեռանում են Հայաստանից, կամ մեկնում արտագնա աշխատանքի: Վարչապետը նշեց, որ Վայոց ձորի մարզի զարգացման համար մշակում են գյուղատնտեսության, գինեգործության, խաղողագործության եւ զբոսաշրջության զարգացման հետ կապված ծրագրեր: Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ու ավանդների վերադարձմանը՝ Կարեն Կարապետյանը վայքեցիներին հայտնել է, որ այդ ուղղությամբ նույնպես ծրագրեր են մշակում:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն իրականացնում է հենց Կարեն Կարապետյանը, որը, սակայն, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Վարչապետի հետ ընտրողների հետ հանդիպում են նաեւ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը: Վայքում նրանցից եւ ոչ մեկը ելույթ չունեցավ, ընտրողների հարցերին պատասխանեց միայն Կարեն Կարապետյանը: