Ըստ գործող իշխանությունների՝ դուք պիտի աղքատ լինեք, որ նայեք՝ ով ձեզ ընտրակաշառք կտա. Բագրատյան
ՔաղաքականԳործող իշխանության նպատակն է, որ ժողովուրդն աղքատ լինի: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Տավուշի մարզի Կողբ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի 2–րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը:
«Դուք պիտի աղքատ լինեք՝ ըստ գործող իշխանությունների, որ նայեք՝ ով ձեզ ընտրակաշառք կտա, որովհետեւ եթե հարուստ լինեք, ընտրակաշառք չեք վերցնի, իﹾնչ կնշանակի հարուստ մարդու համար 10-20 հազար դրամ ընտրակաշառքը: Գործող քաղաքական ուժի նպատակն է, որ աղքատ լինեք, որ ընտրակաշառք վերցնեք, եթե չվերցնեք, ընտրություն կլինի, եթե ընտրություն լինի, իրենք չեն ընտրվի»,- ասել է նախկին վարչապետը:
Հրանտ Բագրատյանը կրկին հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը նախընտրական ծրագիր չունի, որեւէ հստակ բան չեն ասում, մինչդեռ իրենք կոնկրետ քայլեր են առաջարկում երկիրը վատ վիճակից հանելու համար:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության հանդիպումն ընտրողների հետ շարունակվում է: