ԵԱՏՄ-ի շրջանակում ՀԿԿ-ն կկարողանա իրականացնել բարեփոխումները. Տ. Սարգսյան
PoliticsԵվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կկարողանա իրականացնել իր ծրագրերը: Արմենպրեսի հաղորդմամբ` մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորությ ան թեկնածու Տաճատ Սարգսյանը:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի բանկերի նկատմամբ լինի պետական հսկողություն, հանքերը և հումքերը ազգայնականացվեն: Հանրապետությունում 60 տոկոս հող չի օգտագործվում, ուստի մեր կուսակցություն անհրաժեշտ է համարում կոլտնտեսության համակարգի ներդրումը»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ արդյունաբերության զարգացման շնորհիվ կարելի է և՛ բուժումը, և՛ կրթությունը անվճար դարձնել:
Այն դիտարկմանը, թե ինչպես է Կոմունիստական կուսակցությունը պատրաստվում այդ խոստումներն իրականացնել, երբ չկան նախկին եղած ենթակառուցվածքները, նա պատասխանեց:
« Մենք դա անելու ենք ԵԱՏՄ-ի շրջանակում: Այս շրջանակում վերականգնվում են այն կապերը, որոնք Խորհրդային Միությունում ունեցել ենք, ինչու չէ, նաև նոր կապեր կստեղծվեն»,- ընդգծեց Սարգսյանը:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավորության թեկնածուն բարձր գնահատեց առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու իրենց հնարավորությունները:
«Կոմկուսը, լինելով 114-ամյա կուսակցություն, ունի իր ուրույն աշխատաոճը: Մենք նախապատրաստվել ենք 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին դեռևս 2012 թվականին: Հանրապետությունում ունենք 49 կառույց, որոնք դարձել են ավելի հզոր և ամուր: Մենք ունենք բոլոր հնարավորությունները Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար»,- շեշտեց Սարգսյանը: