Ժխտումը հանցագործության շարունակություն է. Հայաստանը պայքարում է ցեղասպանությունների դեմ. նախագահ Սարգսյան
ՔաղաքականՀայաստանը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ ընդհանրապես պայքարում է բոլոր ցեղասպանությունների դեմ: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության շարունակություն է: Եվ մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու ժխտողականությունն է, որ ծնում են նոր հանցագործություններ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Նա նշել է, որ Թուրքիայի այժմյան իշխանությունները շատ խիստ քննադատվում են իրենց ժխտողականության համար:
«Մեր մեղադրանքը թուրք ժողովրդին չէ ուղղված: Առավել ևս մեր նպատակը չէր մեր երկրում կամ ամբողջ աշխարհում հակաթուրքական հիստերիա բարձրացնելը: Կարծում եմ, որ միջոցառումները, որոնք ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որևէ ազդեցություն չեն ունեցել հայ-թուրքական հարաբերությունների վրա, որովհետև այդ հարաբերությունները գոյություն չունեն ուղղակի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը հիշեցրել է 2008թ. հայ և թուրք դիվանագետների միջև շփումների հանրայնացման և տևական բանակցությունների մասին:
«Այնուհետև ստորագրեցինք երկու փաստաթուղթ, և այդ ստորագրումը տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երեք պետությունների ԱԳ նախարարների ներկայությամբ, ու սպասեցինք մինչև թուրքերը վավերացնեն այդ փաստաթղթերը: Նախատեսված էր վավերացում ինչպես թուրքական, այնպես էլ մեր՝ հայկական խորհրդարանում: Մինչև այսօր սպասում ենք:
Եվ վստահ ենք, որ Թուրքիան չի վավերացնելու այդ փաստաթղթերը, որովհետև արդեն տևական ժամանակ է, որ հայտնի է՝ թուրքերը շատ հստակ և բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը. նրանք այսօր հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով: Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում:
Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը: