Պարզապես սիրել է պետք այս երկիրը, պետք չէ թալանել, պետք չէ կողոպտել. Լ. Խաչատրյան
PoliticsԱպարան քաղաքում Orer.am-ի թղթակիցը, զրուցելով ապարանցիների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: Տեղաբնիկները հիմնականում բողոքում էին արտագաթից, որը աշխատանքի բացակայության ուղիղ հետեւանք է:
Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանի հետ, ով ստեղծված վիճակի լավագույն ելք է համարում պետբյուջեի գումարների անարդյունավետ վատնման դեմ պայքարը. «Եթե քիչ թալանեն բյուջեից՝ ներդրումների բարենպաստ միջավայր ու աշխատանքի տեղեր կստեղծվեն: Փողն է ստեղծում աշխատատեղ, իսկ փողը գնում է այնտեղ, որտեղ բարենպաստ պայման կա: Դա միակ բանն է, որ տանել-բերել հնարավոր չէ: Ինքը պետք է զգա, որ տեղ ունի այդտեղ, կարող է գործի մեջ դրվել ու, հետեւաբար, ստեղծել աշխատատեղ»,-ասաց պատգամավորը` վստահեցնելով, որ եթե քաղաքացիները կատարեն ճիշտ ընտրություն, ապա ծառացած խնդիրները մեկը մյուսի հետեւից կլուծվեն. «Մի փոքր էլ համբերեք. կլինի ընտրություն, ու շատ բան կփոխվի, կարեւորը՝ կատարեք ճիշտ ընտրություն, որից հետո ամեն ինչ քայլ առ քայլ կլուծվի: Պարզապես սիրել է պետք այս երկիրը, պետք չէ թալանել, պետք չէ կողոպտել. դրանից հետո նոր երիտասարդների հավատը կվերականգնվի: Ես 14 տարի է` իրենց հետ եմ ու ոչինչ չեմ խնայել: Նույն կերպ շարունակելու եմ ապրել»,-եզրափակեց Լ. Խաչատրյանը: