Պուտին. «Հյուսիսային հոսք-2»-ը ուղղված չէ ընդդեմ գործընկերների
Միջազգային«Հյուսիսային հոսք-2»-ը բնական նախագիծ է հանդիսանում՝ Եվրոպայում պահանջարկի աճն ու արդյունահանման կրճատումը հաշվի առնելով, բայց այն գործընկերների դեմ ուղղված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ BASF ընկերության ղեկավար Քուրթ Բոկի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք հայտնի բաժնետեր եք «Հյուսիսային հոսք»-ում։ Եւ, որքան ինձ հայտնի է, աջակցում եք այդ ծրագրի շարունակությանը, որը՝ «Հյուսիսային հոսք 2»-ը, մաքուր տնտեսական բնույթ է կրում։ Կցանկանայի ընդգծել, որ այս նախագիծն ուղղված չէ ոչ մի գործընկերոջ դեմ։ Բացի այդ, մենք պատրաստ ենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակել հարաբերությունները, այդ թվում նաեւ Ուկրաինայի՝ որպես տարանցիկ ճանապարհի»,- ասել է Պուտինը։