Ցանկանո՞ւմ է արդյոք Գագիկ Ծառուկյանը դառնալ վարչապետ
ՔաղաքականԱյսօր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողները մի քանի հարց ուղղեցին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին,- հայտնում է ORER.am-ը:
«Հաղթանակի դեպքում Դուք կլինե՞ք վարչապետ» հարցին Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք` կանի, չէ` ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով` երկու-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չի»,– ասաց նա:
Լրագրողներից մեկը հետաքրքվեց նաև հետընտրական շրջանում կոալիցիաների հնարավորության մասին:
«Ծառուկյանը եթե կարողանա իր ժողովրդին տված խոստումը կատարել, որը, ասենք թե, ՀՀԿ-ն չի լինի, կան այլ ուժեր, նրանց միջոցով: Առաջին հերթին մեր 15 կետերը կատարելու համար. իմ խնդիրն է` ժողովրդին պարտք ունեմ կատարելու: Եթե իմ գործընկերները` կոալիցա կազմողները, կհամաձայնվեն,որ դրանք կատարվեն, կմտնեմ, չէ` չէ»:
Իսկ հարցին, թե ո՞վ է մեղավոր երկրում ստեղծված այս իրավիճակի համար, Գագիկ Ծառուկյանը նախ լրագրողներին մեղադրեց, ապա ասաց. «Մեղավորը ընտրող ժողովուրդն է։ Նրանց իրավունք է տրված, թող գնան, ձայն տան ու պահանջեն»:
Այն դիտարկմանը, որ երեկ Սյունիքի մարզում նա քննադատություններ հնչեցրեց տեղական իշխանությունների հասցեին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մեքենա են բերել` շատրվանները աշխատեցնելու համար, մանկապատեզներում, դպրոցներում ժողովներ են կազմակերպել` ժողովուրդն այդ օրը պիտի գնար: Կապանում էլ, Գորիսում էլ, մի տեղ` մեկին, մի տեղ` երկուսին զգուշացրել են` եթե ծնողը չեկավ, երեխային մանկապարտեզից, դպրոցից կհեռացնեն:
Այդպիսի փոքր բաներ անելով` ինքնըստինքյան ավելի են հիասթափեցնում ժողովրդին: Այսօր պիտի իրենք կամեցող լինեն, բարի լինեն, ժողովրդի կողքին լինեն, մարդավարի վերաբերվեն, որ մարդը զգա` իր մասին մտածում են: Այդ դեպքում նրանց կողքին կկանգնեն, ոչ թե Ծառուկյանի:
Ծառուկյանը Սյունիքի մարզ գնում է հինգ տարին մեկ անգամ, ամեն օր նրանք են շփվում իրենց արած գործով, որպեսզի կարողանան ժողովրդի սերն ու հարգանքը, վստահությունը գրավեն»,– ասաց նա։