ՀՀ ԱԻ նախարարությունում նշել են Օդերևութաբանի օրը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 23-ին կայացել է Օդերևութաբանի համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը հրավիրված էին Ջրային տնտեսության պետական կոմ իտեի նախագահը, ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները. «Այսօր մենք կարող ենք փաստել, որ Հայաստանում եղանակի կանխատեսումը զգալիորեն բարելավվել է, իսկ դրա արդարացման աստիճանն այժմ հասել է 87-92 տոկոսի»:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Խ. Հակոբյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի ու ԵՊՀ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ասաց, որ նման հանդիպումները նաև առիթ են բարձրացնելու բնագավառում առկա խնդիրները։ Իր խոսքում նախարարը, մասնավորապես, կարևորեց ոլորտի երիտասարդ կադրերի պատրաստումը, օդերևութաբանական կայանների հրատապ արդիականացումն ու թվայնացումը, կարկտի դեմ պայքարի ժամանակակից ու արդյունավետ մեթոդների կիրառումը։
«Ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ամենօրյա բնույթ է կրում, իսկ խնդիրների լուծմանը ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվում է ռազմավարական մոտեցում՝ երկարատև ներդրումային ծրագրերի մշակման միջոցով»,- նշեց Դ.Տոնոյանը։
Նիստի ավարտին մասնագիտական տոնի առթիվ և աշխատանքային օրինակելի ցուցանիշների համար ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով Հիդրոմետ ծառայության աշխատակիցներ Գ. Մելքոնյանը և Հ. Մելքոնյանը պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Հիդրոմետի ևս 7 աշխատակից պարգևատրվեց պատվոգրերով ու շնորհակալագրերով»: