Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության 4 անդամ
ՄիջազգայինԹուրք սահմանապահների կողմից Թուրք-իրաքյան սահմանային հատվածում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 4 անդամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
PKK անդամները Իրաքի սահմանային Անաչ շրջանի հատվածից փորձել են մուտք գործել Թուրքիայի տարածք:
Նրանցից մեկը կին է, զննության արդյունքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 10 կգ պայթուցիկ և ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ իրեր:
Նախնական վարկածի համաձայն` PKK-ականները պատրաստվել են Թուրքիայի տարածքում իրականացնել հերթական պայթյունը:
Քրդստանի բանվորական կուսակցությունը պաշտպանում է Թուրքիայի քրդերի շահերն ու իրավունքները և ռազմական գործողությունների միջոցով փորձում է ստիպել թուրքական իշխանություններին լուծել քրդական խնդիրը:
1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: