ՊՆ «ՈՒՐԱԼ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին այսօր՝ մարտի 23–ին, բախվել են պաշտպանության նախարարության ՈՒՐԱԼ մակնիշի եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ, որի հետեւանքով կան վիրավորներ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել։
«Երկու հոգի է լուրջ վնասվածք ստացել, նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին նրանց տեղափոխում են Երեւան»,–ասել է Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մյուս վիրավորները թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Ըստ Shamshyan.com-ի՝ Վթարի հետեւանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են։