Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով
International news Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, մեկնաբանելով երկրում Ռոսգվարդիայի զորամասի վրա ահաբեկիչների կատարած հարձակումը, հայտնել Է, որ զինյալների ինքնությունը պարզված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Քադիրովի խոսքով՝ նրանցից երկուսը Ռոստովի մարզից են, մեկը՝ Վոլգոգրադի մարզից, եւս երեքը՝ Չեչնիայից:
«Այժմ կասկած չկա, որ ելուզակները մտադրվել Էին ռեզոնանսային ահաբեկչական գործողություններ իրականացնել զենքի օգտագործմամբ, եթե նրանց հաջողվեր այն խլել ու անվնաս հեռանալ»,- գրել Է Քադիրովը Instagram սոցիալական ցանցի իր Էջում:
Քադիրովը նաեւ ցավակցություն Է հայտնել ՌԴ-ի ազգային գվարդիայի զորքերի գլխավոր հրամանատար բանակի գեներալ Վիկտոր Զոլոտովին եւ զոհվածների ազգականներին ու մերձավորներին: «Ռուսաստանի Ահմատ Քադիրովի անվան տարածաշրջանային հանրային հիմնադրամը որոշում Է ընդունել օգնություն ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին»,-հավելել Է նա:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել մի խումբ զինյալների գրոհը դիմագրավելիս: Ինչպես հայտնել Է Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը, զինվորական ավանի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ելուզակախումբը հայտնաբերվել Է զինվորական կարգախմբի կողմից, որը մարտի մեջ Է մտել նրա դեմ: Ոչնչացվել են վեց հարձակվողներ: Մարտական բախման ընթացքում զոհվել են վեց զինվածառայողներ, կան վիրավորներ:
Ծառայության տվյալներով՝ լույս մարտի 24-ի գիշերը մի խումբ զինյալներ փորձել են ներխուժել Ազգային գվարդիայի զինվորական ավաններից մեկի տարածք: «Հարձակման ժամանակ զինյալներն օգտվել են թանձր մառախուղից: Ռոսգվարդիայի անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ելուզակախումբը չի կարողացել ներթափանցել ավանի տարածք»,-ընդգծել են գերատեսչությունում:
Ներկայում բախման շրջանը շրջափակված Է: Տեղի ունեցած բոլոր հանգամանքները պարզելու համար Չեչնիայի Հանրապետություն Է մեկնել Ազգային գվարդիայի զորքերի կենտրոնական աշխատակազմի օպերատիվ խումբը: