«Ազգին անմնացորդ նվիրված գործիչ. ՀՀ բարձր ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀասարակությունՀայաստանի բարձր ղեկավարությունը Կոմիտասի անվան այգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, նախարարներ երջանկահիշատակ վարչապետի մտերիմներն ու հարազատները: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը իր խոսքում ընդգծեց, որ արդեն 10 տարի ավանդույթ է դարձել տարվա մեջ երկու անգամ այցելել պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: «Այսօր մեր մտքերը Անդրանիկի կյանքի ապրած կյանքի ու օրերի հետ են: Նրա հիշատակը թող արդար լինի: Մենք շատ ենք խոսել Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, նրա հայրենասիրության, պետականասիրության, ընտանիքասիրության մասին»,- ասաց Կճոյանը:
Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Մարգարյանի ընկերը՝ Գառնիկ Բադալյանը, ասաց, որ դեռևս 1967 թվականից է Անդրանիկ Մարգարյանի հետ ընկերություն արել: «Եղել եմ Ազգային միացյալ կուսակցության անդամ, Անդրանիկ Մարգարյանը եղել է անմիջապես մեր խմբի ղեկավարը։ Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ։ Մեր ընկերության մեջ նա էր առաջնորդը։ Վարակում էր մեզ իր հայրենասիրությամբ։ Դեռևս դպրոցում եղել է ակտիվ, մասնակցել է 1965թ. Հայոց ցեղասպանության 40-ամյա տարելիցին նվիրված շարժումներին։Մեծ է նրա լուման նաև մեր տնտեսության մեջ»,- նշեց Բադալյանը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանն էլ ընդգծեց, որ Անդրանիկ Մարգարյանը հասարակության մեջ թողել է սեր ու հարգանք առ հայրենիք ու հավատով լեցուն վաղվա օր: «Նա քաղաքական և պետական եզակի գործիչներից էր, ով արժանացավ ժողովրդի սիրուն: Կարծում եմ, որ դա ամենամեծ նվաճումն է»,- ասաց պատգամավորը:
Անդրանիկ Մարգարյանի քույրը՝ Անահիտ Մարգարյանն էլ հիշեց, որ եղբայրը փոքրուց միշտ ասում էր, որ իր համար հայրենիքը, ժողովուրդը, հայրենիքի շահերն առաջնային են. «Նույնիսկ ընտանիքից ավելի կարևոր և առաջնային, դա նրա ամենակարևոր պատգամն էր` ամեն ինչ պետք է ծառայեցնել հանուն հայրենիքի, ժողովրդի շահերի։ Նա այդպես էլ ապրեց, այդպես էլ գործեց, ոչ միայն ասաց, այլ իր ապրելակերպով, իր գործով դա ապացուցեց»:
Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա գլխավորությամբ Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը: