Տավուշի մարզում «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ից նկատելի առաջ է. Ահարոն Ադիբեկյան
Политика«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով խորհրդարանական ընտրություններից՝ ասաց, որ իրականում ոչ մի «հրաշք էլ տեղի չունեցավ»: Ըստ նրա՝ վաճառքի ձայներն այնքան նշանակություն չեն ունեցել, որքան ռեյտինգային թեկնածուները և վարչական ռեսուրսը: Խոսելով ՀՀԿ-ի մասին, նա ասաց, որ հիմնական խաղաքարտը դրված էր ոչ քաղաքական դեմքերի՝ գործադիր մարմնի ներկայացուցիչների ու հատկապես՝ վարչապետի վրա:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին` սոցիոլոգ Ա. Ադիբեկյանն ասաց, որ օրինակ՝ Տավուշի մարզում տվյալ դաշինքը ՀՀԿ-ից նկատելի առաջ է:
Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա այն թարմություն է նոր խորհրդարանում: Սոցիոլոգը ֆենոմեն համարեց, որ «Ելք»-ին ընտրել են ոչ թե երիտասարդները, այլ մեծահասակները: Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության մասին խոսելիս նկատեց, որ եթե մենակ իրենց կուսակցականները ձայն տային՝ ՀՎԿ-ն կանցներ անցողիկ շեմը, սակայն կուսակցությունը չի աշխատել այն համայնքում, որտեղ ունեցել է համայնքի ղեկավար, փոխարենը համայնքներում լավ աշխատել է ՀՅԴ-ն: «Ձայն ունենալը քիչ է, պետք է տիրություն անես քո ձայներին, իսկ ՀՅԴ-ն կարողանում է այդ խնդիրը լուծել»,- ասաց նա:
««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կանխատեսում էինք տեսնել առաջին հնգյակի մեջ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը ութ տոկոսից պակաս չի իջել, սակայն նրա պասիվությունը բերեց նրան, որ նրա ռեյտինգը չաշխատեց»,- ասաց նա և նշեց, որ նույնը եղավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Բանախոսը նկատեց, որ ընտրություններից առաջ ՕՐՕ-ին ճանաչում էր 35 տոկոսը, իսկ «Ազատ դեմոկրատներին»՝10-12 տոկոսը: Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ Աժ-ում բազմակարծությունը կլինի շատ սահմանափակ: Ըստ նրա՝ ընտրակաշառքի դերը մեկուկես տոկոս է եղել. «Ընտրության մասնակցողների ուղիղ կեսը գաղափարական ընտրողներն են, ովքեր պահպանողական են և չեն ուզում փոփոխություն»:
Սոսե Չանդոյան