Հայաստանում առաջին անգամ հետընտրական զարգացումներ չեն լինի. Իսկանդարյան
ՔաղաքականՆախընտրական քարոզարշավի ավարտին արդեն պարզ էր, որ Հանրապետական կուսակցությունը հնարավոր է ունենա նման ցուցանիշ:
Լրագրողների հետ զրույցում ապրիլի 6-ին նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ինձ համար անակնկալ չէր, որ հենց այս պատկերն է լինելու: Պարզ էր, որ ՀՀԿ-ն նման արդյունքներ կունենա, բավականին լավ ցուցանիշներով երկրորդ ուժը կլինի «Ծառուկյան» դաշինքը, քարոզարշավի առաջին շաբաթներից երեւում էր, որ «Ելք»-ը բավականին լավ է աշխատում, նրա ընտրազանգվածի տեսակն էլ էր պարզ: Կանխատեսելի էր, որ նաև Դաշնակցությունը կհաղթահարի այդ 5 տոկոսանոց սանդղակը: Այստեղ միգուցե հարցը լիներ՝ արդյոք Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ուժը կանցնի, թե չէ, կհաղթահարի շեմը, բայց դա ընդհանուր պատկերի վրա այդքան էլ ազդեցություն չէր ունենա»,-նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ստացվում է այնպես, որ միայն բառերով, կարգախոսներով ներկայացող քաղաքական ուժերը պարտվում են նրանց, ովքեր այլ լծակներով՝ ոչ գաղափարական, այլ լուծումներով են փորձում գրավել ընտրողներին:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ընտրություններից հետո ինչ-ինչ զարգացումներ տեղի չեն ունենում:
«Սա նոր մի բան է Հայաստանի քաղաքական մշակույթում. մի բան, որին, կարելի է ասել, ինչ-որ չափով գնում էինք»,- ընդգծեց նա:
Իսկ սոցիոլոգ Սամվել Մանուկյանը կարծում է, որ եթե անգամ հետընտրական զարգացումներ լինեին, ապա դրանք ոչնչի չէին բերի, քանի որ մարդիկ համոզվել են, որ բողոքի ցույցերը արդյունք չեն տա: