Կարո Փայլանը մասնակցել է Էրդողանի լիազորություններն ընդլայնելու առաջարկին դեմ կազմակերպված հանրահավաքին
ՔաղաքականԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորություններն ընդլայնելու առաջարկին դեմ կազմակերպված հանրահավաքին:
Այս մասին տեղեկանում ենք Փայլանի Twitter-ի պաշտոնական էջից:
Հավաքվածները կոչ են արել բոլորին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին և թույլ չտալ կառավարման նախագահական համակարգի հաստատումը երկրում:
Նշենք, որ ավելի վաղ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակում Ստամբուլի կղզիներ մեկնած հայազգի պատգամավորին տեղի բնակիչները դիմավորել էին «Բարով ես եկել, ախպարիկ» բացականչություններով:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Էրդողանը պնդում է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանման հարցում՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորման սկզբից ի վեր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։