Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը
КультураԱպրիլի 17-ին մեկնարկեց Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպված Ազգային գրադարանային շաբաթ միջոցառումը, որն այս անգամ կրում է «Հայոց բանակ 25» խորագիրը,- հայտնում է ORER.am-ը:
Այն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կշարունակվի մինչև ապրիլի 23-ը, որը նվիրվում է Հայոց բանակի կայացման 25-ամյակին: Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով մասնակցում են հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները` անկախ գերատեսչական պատկանելությունից:
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարևոր տարեդարձերին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ, այլ միջոցառումներ:
Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնումը, համակողմանի, արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնումը:
Ազգային գրադարանային շաբաթը նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը և դրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսևորմանը:
Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է նաև գրադարանների միջև արդյունավետ համագործակությունը, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածությունը գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրապնդումը և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորումը: