Գյումրու արվեստների ակադեմիայում բացվեց ռուս հայտնի դաշնակահար Էմիլ Գիլելսի կիսանդրին
ՄշակույթԳյումրու արվեստների ակադեմիայի նախասրահում բացվեց ռուս հայտնի դաշնակահար Էմիլ Գիլելսի կիսանդրին: Բացմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ փառատոնի հյուրերը: Կիսանդրին ռուս հայտնի քանդակագործ Գրիգորի Պատոցկու նվերն է Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյո ւմրու մասնաճյուղին:
«Սա մեծ նվեր է մեր կոնսերվատորիայի համար՝ բուհի կազմավորման 20-ամյակի առթիվ: Էմիլ Գիլելսը 20-րդ դարի հայտնի դաշնակահար է, և մենք շատ հպարտ ենք, որ հենց այս արվեստագետի կիսանդրին է ամեն օր «ողջունելու» մեր կոնսերվատորիայի ուսանողներին: Սա նաև հայ-ռուսական հարաբերությունների լավագույն խորհրդանիշներից մեկն է»,- կիսանդրու բացման ժամանակ նշեց կոնսերվատորիայի ռեկտոր Կարինե Ավդալյանը:
«Ես նույնպես անչափ կարևորում եմ այս երևույթը: Սա մշակույթի անսահման լինելու, Հայաստանի և Ռուսաստանի մեծ կապի ևս մեկ դրսևորում է»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան