Անպտուղ մարզանքներ են. Պարույր Հայրիկյան
ՔաղաքականԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, խոսելով Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված երեք ուժերից յուրաքանչյուրի շանսերի մասին, ասաց. «Կեղծված Սահմանադրության պայմաններում, հակասահմանադրական Ընտրական օրենսգրքի պայմաններում, քաղաքական ուժի համար անհասկանալի է մասնակցությունը որևէ գյուղական համայնքի ընտրությունների: Ուրեմն դու քաղաքական ուժ չես, որովհետև դու ունես առաջնահերթություններ, որոնց նկատմամբ պետք է անտարբեր չլինեիր: Սրտանց ու անկեղծ եմ ասում, ինձ միայն մի դեպքում կարող էր այս ընտրությունը հետաքրքրել, եթե դա լիներ որպես նախաքայլ, և այդ երեքի փոխարեն լիներ երկու ուժ՝ մեկն իշխանական ուժը, մյուսը՝ ընդդիմադիր: Օրինակ, Նիկոլ Փաշինյանն ասեր՝ ես ասպետորեն հանում եմ իմ թեկնածությունը, բոլորով կենտրոնանանք Զարուհու վրա, բայց Զարուհի, դու էլ խոստացիր, որ սա նախաքայլ պետք է համարես: Այդ դեպքում ես կարող էի հասկանալ, մենք էլ մեր հերթին մի հայտարարություն կընդունեինք, մի քանի 100 հոգի էլ կաշխատեցնեինք այդ ճակատում: Թե չէ հիմա զբաղված են անպտուղ մարզանքներով»:
Դիտարկմանը, թե «Ելք»-ը Զարուհի Փոստանջյանին առաջարկել էր առաջնորդել իրենց ցուցակը, սակայն նա հրաժարվել էր՝ Պ. Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Ես մանրամասնությունների մեջ չեմ ուզում խորանալ, ես գիտեմ դա, բայց մենք այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ նրանք, ովքեր այդ ընտրությանը մասնակցելու են, գնում են ոչ միասնական ճակատ պաշտպանելու տրամադրությամբ»: