Անաիդա Ավանեսովայի անհատական ցուցահանդեսի նկարների մեծ մասում գերակշռում է կնոջ կերպարը
ՄշակույթՀայաստանի նկարիչների միության անդամ Անաիդա Ավանեսովայի անհատական ցուցահանդեսին ներկայացված նկարների մեծ մասում գերակշռում է կնոջ կերպարը: Նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ ապրիլի 20-ին նկարիչների միությունում:
«Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, բայց մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, միջազգային փառատոնների Հունաստանում, Ճապոնիայում: Անհատական ցուցահանդեսս որոշեցի այստեղ անցկացնել: Ինձ բազմիցս առաջարկվել է ցուցահանդես անցկացնել, միշտ հետաձգում էի, այս անգամ որոշեցի ու միանգամից կազմակերպեցի: Աշխատանքներիս կեսից ավելին նվիրում կամ վաճառում եմ, սրանք իմ նկարների միայն քառորդ մասն են: Այսօր ներկայացնում եմ մոտ 55 նկար: Նկարներին անվանումներ չեմ դրել, որպեսզի մարդիկ իրենց պատկերացմամբ ընկալեն: Շատ նկարներ ունեմ դիցաբանական թեմայով: Նկարներումս գերակշռում է նաև կնոջ կերպարը` որպես գեղեցիկ սեռ»,- ասաց Անաիդա Ավանեսովան:
Նրա խոսքով` շատ է նկարում կանանց, քանի որ կանայք գեղեցիկ սեռի ներկայցուցիչներ են, իսկ ինքն ուզում է նկարել գեղեցիկը: Որպես ամենահարազատ աշխատանք` նկարչուհին առանձնացրեց նկար, որում ևս ներկայացված էր կնոջ կերպար:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով` յուրաքանչյուրը ներկայացված նկարներում կգտնի իր հետաքրքրությունը: «Ցուցահանդեսի ստեղծագործությունների հեղինակն արժևորվում է նրանով, որ շրջապատող կյանքին նայում է յուրովի և մեզ մատուցում այնպես, ինչպես ինքն է տեսնում: Շատ քիչ դեպքեր են լինում, երբ առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունենում Նկարիչների միության ցուցասրահներում, ինչի առթիվ շնորհավորում եմ Անաիդային»,- ասաց Կարեն Աղամյանն ու մաղթեց, որ նկարչուհու համար նման դահլիճները բաց լինեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: