Ինչու գերտերությունները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը
ПолитикаԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, խոսելով Մեծ Եղեռնի շուրջ միջազգային հանրության կարծիքի ձեւավորման խնդիրների մասին, նախ թվարկեց պատմական փաստն ընդունող երկրների ցանկը. «Աշխարհում մոտ 243 պետությունից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 30-ը: Սա խոսում է մի բանի մասին. որտեղ ուժեղ է հայկական համայնքը, այնտեղ Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչված է դառնում, հետևաբար տեղի ունեցածը պաշտոնապես ընդունվում է որպես ցեղասպանություն:
Բացի այդ՝ ՄԱԿ-ը եւ Եվրոխորհրդարանը որոշում են կայացրել ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ հարցի հանգուցալուծումը կապված է նրա հետ, թե որքանով Թուրքիան ընդունելի կընկալի իր անցյալը»,- ORER.am-ի հաղորդմամբ՝ նշեց բանախոսը՝ տեղեկացնելով նաեւ, որ Մեծ եղեռնն ընդունած երեսուն երկրներում ապրում է մոտավորապես 830 մլն. մարդ:
Ինչպես իր խոսքում նշեց Ա.Ադիբեկյանը, խնդիրը միայն հարցը ճանաչելու մեջ չէ. «Կան երկրներ, որոնք սկզբունքորեն չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրներն են Չինաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Մեքսիկան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իզրայելը»,-ասաց նա՝ հավելելով, որ գերտերությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իրենց լուրջ պատճառներն ունեն. դրանք հիմնականում կապված են քաղաքական ու տնտեսական հարցերի հետ:
Սոսե Չանդոյան