Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների
PoliticsԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ՝ «Եվրոպան հանուն Արցախի» սեմինար-ծրագրի շրջանակներում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է եվրոպական երկրներում հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում ու այդ ներուժի ճիշտ օգտագործումը համաեվրոպական տարածքում՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նպատակով:
«Մենք պետք է ծրագրենք մեր համատեղ քայլերը, ճիշտ աշխատանքի բաժանում կատարենք եւ եվրոպացիներին ընկալելի տեղեկատվություն ներկայացնենք արցախյան իրողությունների մասին: Այս գործում բոլորս անելիք ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Հանդիպման մասնակիցները եւս պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցել Արցախի պետական եւ հասարակական կառույցների հետ՝ իրենց երկրներում Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
Այնուհետեւ, պատասխանելով հյուրերի հարցերին՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, տարածաշրջանային զարգացումներին ներգրավվածությանը եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը: