Ախալքալաքում այրել են հայ պատգամավորի մեքենաները
ՀասարակությունԱխալքալաքում ապրիլի 22-ին իրականացվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու մեքենաների միտումնավոր հրկիզում։Մեքենաները կայանած են եղել պատգամավորի տան առջեւ։
Խորհրդարանի պատգամավորը jnews.ge–ի հետ զրույցում հաստատել է հրկիզման փաստն ու նշել «Տարբեր կասկածներ կան, ես կարող են վստահեցնել, որ տեղի ունեցածը առնչություն չունի իմ ձեռներեցային գործունեության հետ, դա կապակցված է իմ քաղաքական գործունեության հետ։ Կտեսնենք, թե ինչպես կաշխատի ոստիկանությունը, ինչ կկարողանա պարզել»,- ասել է Սամվել Մանուկյանը։
Պատգամավորի հարեւանը պատահաբար նկատել է, որ ինչ-որ մեկը բենզին է լցնում մեքենաների վրա ու հրկիզում դրանք։ Հենց հարեւանը բացել է դուռը՝ հանցագործը փախուստի է դիմել, հանցագործության վայրում թողնելով նյութական ապացույցներ։
Այդ փաստով հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 187 հոդվածով «Ունեցվածքի միտումնավոր փչացում»։
Կանչել են հրշեջ ծառայություն, սակայն մինչեւ նրանց ժամանելը կրակն արդեն մարել էին։ Մեքենաներից մեկը ուժեղ տուժել է հրկիզումից։