Ստամբուլի թաղամասերից մեկում ոստիկանները թույլ չեն տվել 1915–ի զոհերի հիշատակի միջոցառում անել
ՀասարակությունՍտամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությանը Փանգալթը մետրոյի դիմաց Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նվիրված հիշատակի միջոցառում իրականացնել։
Թուրքական demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP–ի Շիշլիի կառույցը նախկին 5 տարիների պես այս տարի եւս ցանկացել է Փանգալթը մետրոյի դիմաց իրականացնել «Առերեսվիր ցեղասպանության հետ» հիշատակի միջոցառումը։ Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել, ինչից հետո հիշատակի միջոցառումն անցկացվել է կուսակցության գրասենյակում։
HDP–ի գրասենյակում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը Ստամբուլի «Նոր Զարթոնք»–ի խոսնակ Նորայր Օլգարը նշել է, թե առանց առերեսվելու չի կարող խաղաղություն լինել։ Նա շեշտել է, թե ներկայում էլ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում է տեղի ունենում ցեղասպանություն։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 24–ին, Ստամբուլի մի շարք վայրերում նախատեսված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ։