LafargeHolcim-ի ղեկավարը հրաժարական կտա՝ Սիրիայում գրոհայիններին ֆինանսավորելու համար
ՄիջազգայինՇինանյութերի արտադրության ֆրանս-շվեյցարական LafargeHolcim ընկերության ղեկավար Էրիկ Օլսենը հուլիսի 15-ին պաշտոնանկ կլինի՝ ընկերության գործարանի կողմից Սիրիայում գրոհայիններին ֆինանսավորելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
«Իմ որոշումը պայմանավորված է այն համոզմունքով, որ սա կնպաստի ուժեղ լարվածության թուլացմանը, որը վերջերս առաջացել է Սիրիայում իրավիճակի շուրջ: Այն դեպքում, երբ ես բացարձակապես մասնակից չեմ եղել որեւէ խախտման եւ անգամ չեմ իմացել դրանց մասին, կարծում եմ, իմ հեռացումը կնպաստի ընկերությունում հանգստության վերկանգնմանը»,- ասել է Օլսենը:
Ավելի վաղ ֆրանսիական Monde պարբերականը հայտնել էր, որ LafargeHolcim Group-ը խոստովանել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող՝ ընկերության գործարաններից մեկը ֆինանսավորել է Սիրիայի զինված խմբավորումների գրոհայիններին 2012-2014 թվականներին՝ ընկերության աշխատակիցների անվտանգության ապահովման եւ նրա գործունեությունը շարունակելու համար: Գործարանը Սիրիայի տարածքում դադարեցրել է գործունեությունը 2014 թվականի սեպտեմբերին:
Ավելի վաղ ընկերությունը հաստատել էր Սիրիայում զինված խմբավորումների հետ համագործակցության փաստը:
Շիանանյութեր արտադրող ֆրանսիական Lafarge-ը եւ շվեյցարական Holcim-ը միաձուլվել են 2015 թվականին: Գործարքի արդյունքում գլխավոր Holcim ընկերությունը կոչվել է LafargeHolcim Ltd.: