«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին միջոցառում է կազմակերպել
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը Մերաաբում կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին ներկա էին կուսակցության առաջնորդ Սամիր Ջաջան, ինչպես նաեւ քաղաքական ու հոգեւոր դեմքեր:
«Կուսակցության ուժը ոչ թե իր նախարարների եւ պատգամավորների քանակի մեջ է, այլ իր նախագծերի, ինտեգրման եւ իր կարողության՝ նույնականացվել հայերի, խալդիներ, ասորիների հետ»,-ասել է Ջաջան եւ հավելել,- «Մենք ուզում ենք կառավարությունում ներկայացված լինել ոչ միայն քանակապես, այլեւ որակապես: Մենք մեր ներկայությամբ ուզում ենք հավելյալ արժեք մտցնել կառավարությունում, այնպես՝ ինչպես հայերը Լիբանանում»:
Կուսակցության առաջնորդի խոսքով՝ նա, ով մտածում է, թե Հայոց ցեղասպանությունը կապված չէ այլ ոճրագործությունների հետ, որոնք սասանել են մարդկային գիտակցությունը, սխալվում է: «Օրեր առաջ Խան-Շեյխունում անմեղ մարդկանց դեմ քիմիական զենքի կիրառումը, ավելի վաղ Հալեպում, Հայոց ցեղասպանության մյուս երեսն է: Մենք չենք կարող ազնիվ լինել ինքներս մեր եւ այլոց նկատմամբ, մինչեւ չդատապարտենք երեկվա ու այսօրվա մարդասպաններին»,- մեղադրանք է հնչեցրել Սամիր Ջաջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա է եղել նաեւ Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրեգորի Բեդրոս XX-ը, եպիսկոպոս Շահե Փանոսյանը՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, Արամ 1-ը, ինչպես նաեւ Կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հարցերով նախարար Ժան Օղասաբյանը եւ այլք: Պատգամավոր Հակոբ Պակրադունյանը, որը ներկայացնում է ՀՅԴ-ն հորդորել է Թուրքիային՝ «ընդունել սեփական պատասխանատվությունը»: «Ոճրագործությունը, որը մենք՝ սիրիացիների, հայերի, ասորիների, արաբների զավակները, ականատես ենք եղել, կկրկնվի, եթե ոճրագործները չպատժվեն: Ոճիրի մասին լռելը՝ ինքնին ոճիր է: Հետարքիր է, ինչո՞ւ պետությունը համարձակություն չի ունենում ապրիլի 24-ը հայտարարելու որպես ազգային ցավի օր՝ հիշատակելու 1,5 մլն անմեղ հայերի կոտորածը»,- շեշտել է նա: Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաեւ լիբանանցի նկարիչների աշխատանքները՝ Հայոց ցեղասպանության թեմայով:
Թալալ Խրայիս