Մոսկվայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բողոքի ցույց
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անց է կացվել բողոքի ցույց: Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բողոքի ցույցին ելույթ ունեցան հայ համայնքի ազգային, մշակույթային, քաղաքական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Բորիս Չերնիշևի խոսքով` այս օրը ամբողջ աշխարհը սգում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների համար, որոնք կատարվել են մինչ օրս:
«Հայաստանի և Ռուսաստանի պատմությունը դա ոչ միայն երկու երկրների բարեկամության պատմություն է, այլ նաև միասին շատ դժվարություններով անցած պատմություն: Եվ հիմա ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք պայքարում ենք, որպեսզի նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն աշխարհում, մենք պայքարում ենք խաղաղության համար»,- ընդգծեց Չերնիշևը:
Ցուցարարները ծածանեցին Հայոց ցեղասպանությունը ընդունած երկրների դրոշները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառներ:
Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման Հայոց ցեղասպանությունը ընդունել է 1995 թվականի ապրիլի 14-ին: