Այս տարի ՀՀ ոստիկանությունում կարգապահական տույժ են ստացել 228 ծառայող
ՀասարակությունԱյս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում կարգապահական տույժ են ստացել ոստիկանության 228 ծառայող: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Տույժ ստացածներից 48-ը ճանապարհային ոստիկանության ծառայողներ են: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9-ն էին։ Ճանապարհային ոստիկանները հիմնականում խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը»,- նշել է Ահարոնյանը:
Նրա խոսքով` ոստիկանության ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության աշխատանքի կատարելագործման խնդիրը:
«Ճանապարհային ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առավելագույնս նվազեցման ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակվում է»,- նշել է Ահարոնյանը: