Գյումրու և Թեհրանի համագործակցության նոր հնարավորություններ են ուրվագծվում
ОбществоԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ապրիլի 25-ին ընդունեց Թեհրանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, խաղաղության թանգարանի ներկայացուցիչ Նազլի Բախշայեշին և նրա դստերը՝ Նիկա Աֆկարինին: Նազլի Բախշայեշին, հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսեց այցի նպատակների մասին, այնուհետ կիսվեց նաև Գյումրուց ստաց ած իր տպավորություններով:
Նազլի Բախշայեշին եկել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին Թեհրանի խաղաղության տիտղոս շնորհելու առաջարկով, միաժամանակ իր հետ բերել էր համապատասխան փաստաթղթերը: Նազլի Բախշայեշին իր խոսքում նշեց, որ արդեն մի քանի անգամ եղել է Գյումրիում և շատ կարևորում է այդ տիտղոսը Գյումրու քաղաքապետին շնորհելը:
Նշված տիտղոսը տրվում է պատերազմական թոհուբոհով անցած կամ աղետներ դիմակայած քաղաքների ղեկավարներին: Խաղաղության թանգարանը, որ պատկանում է Թեհրանի քաղաքապետարանին, նպատակ ունի խաղաղության գաղափարի շուրջ միավորել տարբեր քաղաքների քաղաքապետերին , կապեր հաստատելու ու համագործակցելու նպատակով: Նազլի Բախշայեշի ներկայացմամբ՝ համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո երկու քաղաքապետարանների ու քաղաքների միջև կարող է ձևավորվել համագործակցություն:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա ընդգծեց, որ իր համար առավել կարևոր է նոր կապերի ձևավորումը՝ ի շահ Գյումրու և գյումրեցիների: Քաղաքապետն այնուհետ խոսեց հետագա անելիքների ու համագործակցության մասին: