Առողջապահության նախարարը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ճառագայթային բժշկության զարգացումը
ՀասարակությունԱտոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներ Կարմինա Հիմենեզի և Ելենա Ֆիդարովայի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Մինչ այդ նախարարությունը նամակով դիմել էր միջազգային հեղինակավոր կազմակերպությանը` ակնկալելով աջակցություն ոլորտի բա րելավման գործում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարմինա Հիմենեզը նշել է, որ այդ ուղղությամբ իրենց աջակցությունն առաջին հերթին կապահովվի ոլորտում իրական կարիքների գնահատումով։ Նշվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետը Հայաստան կգա 3-4 շաբաթից` տեղում կարիքների ամբողջական գնահատում կատարելու առաքելությամբ։
Քննարկման արդյունքում որոշվել է գնահատումից հետո կազմել աշխատանքային պլան։
«Բարձր տեխնոլոգիաները նոր պահանջներ են դնում նաև բժիշկների առջև»,-ասել է նախարար Ալթունյանը` կարևորելով ոչ միայն սարքավորումների արդիականացումը, այլև մասնագետների վերապատրաստումները։
ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսումնական որևէ հաստատության բազայի վրա ներդնել կրթական ծրագրեր` բժիշկներ, տեխնոլոգներ և լաբորանտներ պատրաստելու համար։
Լևոն Ալթունյանն առաջարկել է 2018-2019թթ. համագործակցության շրջանակում ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների և այլ կառույցների հետ` անհրաժեշտության դեպքում ստեղծելով աշխատանքային խումբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարիքների գնահատումից հետո համատեղ մշակել Հայաստանում ճառագայթային բժշկության արդիականացման ռազմավարություն։