Վանաշենում դասարանն անվանակոչվեց Արմեն Հարությունյանի անվամբ
Society Ապրիլի 26-ին Վանաշեն համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նույն դպրոցի աշակերտ, արցախյան ազատամարտում զոհված Արմեն Հարությունյանի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքապետ Արտաշես Գրիգորյանը, Արմենի եղբայրը՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ գնդապետ Արայիկ Հարությունյանը, ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ընկերները, հարազատները:
Միջոցառումը բացելուց եւ հյուրերին ներկայացնելուց հետո Անիկ Մանուկյանը, որ Արմենի դասղեկն է եղել, հուզիչ ելույթով ներկայացրեց Արմեն Հարությունյանին: Դպրոցի սանը 1992 թվականին հազարավոր հայրենասերների հետ զենք էր վերցրել Արցախ աշխարհի պաշտպանության համար: Արմենը նահատակվել է1994 թվականի ապրիլի 26-ին՝ 23 տարեկան հասակում՝ Հորադիզի համար մղվող մարտերում:
Աշակերտները պատմեցին Արմենի սխրանքների մասին, արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ընդգծեցին դպրոցում սովորելու, Վանաշենում ապրելու, Արմենի համագյուղացին լինելու իրենց հպարտությունը: Լուսապաստառին Արմենի մասին պատմող տեսաֆիլմեր են, դրվագներ պատերազմի տեսարաններից:
Դպրոցականների ելույթից հետո Իլյիչ Շադյանն ասաց, որ Արմեն Հարությունյանին նվիրված այս ոգեկոչման արարողությունը հայրենասիրության «բաց դաս» է, որտեղ երեխաները ավելի շատ բան են սովորում: Նա շնորհակալություն հայտնեց իր եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից այս հայրենասիրական միջոցառման համար:
Փոխգնդապետ Վարդան Հովսեփյանը նշեց Արմենի մարդկային բարձր հատկանիշների մասին. երբ ընկերների մեջ վեճեր էր լինում, Արմենը հումորով կարողանում էր հաշտեցնել բոլորին, բարի էր, ընկերասեր, ներող, մարտական գործողությունների ժամանակ արագ կողմնորոշվող զինվոր:
Արմենի քույրը՝ դպրոցի տնօրեն Հասմիկ Նահապետյանը համեստորեն շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, դպրոցի կոլեկտիվին՝ եղբոր տարելիցին կազմակերպված ոգեկոչման արարողության համար եւ ավելացրեց, որ ինքը հպարտ է, որ իր եղբայրը զոհվել է հայրենիքի սուրբ հողը պաշտպանելու համար:
Արայիկ Հարությունյանի համար դժվար էր խոսել եղբոր մասին: Հուզմունքը խեղդում էր կոկորդը: Նա չէր ուզում հավատալ, որ եղբայրն այլեւս չկա… Ի հիշատակ եղբոր՝ տանը մեծանում է փոքրիկ Արմենը, ում վրա հայրը չի կարողանում զայրանալ:
Գնդապետ եղբայրը կտրեց ժապավենը: Արցախյան ազատամարտի մասնակից, «Արիության մեդալով» պարգեւատրված ավագ լեյտենանտ Արմեն Ռոբերտի Հարությունյանի անվան դասարանը պատահական չի ընտրվել: Այստեղ է սովորել եւ ավարտել Արմեն Հարությունյանը: Դասարանում Անիկ Մանուկյանը ներկաներին ցույց տվեց նրա դպրոցական տարիների նկարները, ուսանողական գրքույկը, պատմեց, թե դպրոցական թատերական ներկայացումներին որքան տիպական կերպարներ է կերտել Արմենը: Դասարանը դեռ կհամալրվի Արմենի նամակներով, անձնական իրերով:
Լիլիթ Մաճկալյան