Ինձ շատ գոհացնում են ձեր պատասխանները. Զուրաբյանը` Մուկուչյանին
ՔաղաքականՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է քննարկվել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Այսօր արդեն պատասխանող կողմը պատասխանում է հայցվոր կողմի հարցերին։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով ՀԱԿ փոխնախագահ, նույն խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին, թե դպրոցների ու մանկապարտեզների քանի տնօրեն է հարցաքննվել, ԿԸՀ նախագահը պատասխանեց լակոնիկ:
Լեւոն Զուրաբյանի կողմից հնչեցված հարցերին միջամտում էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով հորդորում էր ձեւակերպել այնպիսի հարցեր, որոնք կլինեն կոնկրետ դիմումի շրջանակներում։
Նկատենք, որ ԿԸՀ նախագահը ոչ միայն տալիս էր լակոնիկ պատասխաններ, այլեւ որոշ հարցերի անգամ չէր պատասխանում՝ համարելով դրանք ժամանակի ավելորդ վատնում: Մուկուչյանի նման պահվածքին ՀԱԿ փոխնախագահը արձագանքեց հետեւյալ կերպ. «Ինձ շատ գոհացնում են ձեր պատասխանները»:
Հարց հնչեցվեց նաեւ առավոտյան ժամերին ընտրողների գերբնական ակտիվության վերաբերյալ, որին ի պատասխան Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ցուցակները հրապարակված են, հերթով հանդիպեք նրանց հետ, հարցրեք, թե ինչու էին այդքան ակտիվ»։