ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները համատեղ նոր «Նաիրի» փառատոն կանցկացնեն
ՄշակույթՀայաստանում համահայկական նոր փառատոն է հիմնվում. «Նաիրի» երաժշտական տոնը կմեկնարկի սեպտեմբերին։ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նիստի ժամանակ ասաց, որ արդեն տասը ամսից ավելի է աշխատում են ծրագրի վրա։ «Փառատոնի կազմակերպիչները շատ ճիշտ ձևով կարողացել են համախմբել այնպիսի հանձնաժողով, որը անաչառ որոշումներ է կայացրել և այսօր կներկայացնի դրանք։ Մենք նոր և հետաքրքիր փառատոնի ծնունդ ենք ազդարարում։ Փառատոնը կոչվում է «Նաիրի»»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։ Նա նաև հավելեց, որ այսպիսով մեկնարկում է համահայկական փառատոն, որը կարող է համախմբել հայ ազգը և ամենակարևորը՝ համախմբել Հայաստանի շուրջ։ Դիմելով ներկա արվեստագետներին՝ նախարարն ասաց, որ հայկական մշակույթի արտահանողն իրենք են և դրանով հայկական սփյուռքը պետք է գոյատևի, ապրի և շարունակի հպարտ հայ մնալ։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ ավելացրեց, որ արվեստն այն լավագույն հարթակն է, որի շնորհիվ հնարավոր է պահել հայ ազգի միասնականությունը։ «Այս փառատոնը նշանավորվում է երկու կարևորագույն ուղղություններով՝ մենք սկսում ենք փառատոնային կարևորագույն ծրագիր և ստեղծում ենք երաժշտական գործիքների արձանախումբ, որը ազգային նվագարանների պաշտամունքի առարկա դարձնելու միտում ունի։ Մենք պետք է այսպիսով կարողանանք դիմակայել օտարամոլության հզոր լիցքերին և ալիքներին՝ ինտեգրելով համաշխարհային մշակույթը»,- նշեց Ամիրյանը։
Ծրագրի գեղարվեստական ղեկավար և փառատոնի կազմակերպիչը Սամվել Հարոյանն է։ Սեպտեմբերի 18-ին կլինի փառատոնի մեկնարկը։ Գլխավոր մրցանակի վրա պատկերված է Արարատ լեռը և կռունկ, որը խորհրդանշում է եռամիասնությունը՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ։ Փառատոնի ընթացքում լինելու է 10 թեկնածու, բայց հնարավոր է նաև ավելանան։
Սեպտեմբերի 10-ին ժամը 14:00-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Սեպտեմբերի 11-ին ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը և գալա համերգ: