Գյումրիում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը
SocietyԳյումրիում ապրիլի 28-ին անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը: Մրցույթն անցկացվեց Գյումրու Ա. Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցում:
Մրցույթին մասնակցում էին հանրապետության մարզերի մանկատների, գիշերօթիկ հաստատությունների և հոգածության կենտրոնների 12 թիմ՝ Շիրակից, Լոռուց, Կոտայքից, Սյունիքից և Գեղարքունիքից: Թիմերը միմյանց հետ մրցեցին 5 մարզաձևում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը այս մրցույթն անցկացվում է 2-րդ անգամ: Ի դեպ, 2016 թվականին Երևանում կայացած առաջին մրցույթում հաղթող է ճանաչվել Գյումրու «Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»-ի թիմը:
Մրցումների արդյունքում, նույն թիմը նաև լավագույնն էր այս տարի: Ընդհանուր առմամբ, մրցակցությունը բավական թեժ էր: Լավագույն եռյակը եզրափակում է Գյումրու «Թռչունյան տուն» հաստատությունը, իսկ երկրորդ տեղում &l aquo;Թիվ 2 գիշերօթիկ դպրոց»-ը:
«Մրցույթը բավական կարևոր է: Ուզում եմ շեշտել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը մեծ թափ է տալիս մասսայական սպորտի զարգացմանը և մարզական տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում հասարակության տարբեր խմբերի հետ՝ նախադպրոցական հիմնարկներ, դպրոցներ, ընտանիքներ, մանկատներ և այլն: Սա ևս հրաշալի առիթ է գնահատելու մեր պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը, իսկ այս դեպքում նաև հատուկ հաստատություններում ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշեց Վաչիկ Վարդանյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Փոխնախարարը, ողջունելով բոլոր մասնակիցներին, կարևորեց 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք մրցույթը, որն արդեն, լավագույն ավանդույթ հանդիսանալով, շարունակվում է:
«14 տարի անընդմեջ Հայաստանում և Արցախում լավագույն ավանդույթներ են ձևավորել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիքի մրցույթ»-ը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում ևս 3 այլ մասսայական միջոցառումներ են իրականցվում՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը»,- նշեց Խաչիկ Ասրյանը:
Մրցանակակիր թիմերի համար, բացի ՀՀ նախագահի մրցանակից, գավաթներ էր սահմանել նաև Շիրակի մարզպետը: Պատվոգրեր, շնորհակալագրեր, ինչպես նաև դրամական մրցանակներ ստացան բոլոր թիմերը։