Թևան Պողոսյանը «Ծառուկյան» դաշինքի մանդատներից չհրաժարվելուց մինչև «Ժառանգության» վերադարձ
ՔաղաքականԱրդեն նախկին ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այս օրերին զբաղված է ԱԺ-ի իրեն հատկացված գրասենյակը քիչ-քիչ հավաքելով, որպեսզի տեղափոխվի իր նախկին աշխատավայր՝ իր կողմից հիմնած Մարդկային զարգացման միջազգային կենտրոն: Սակայն այս ամենն ամենևին էլ նրան չի խանգարում, որ շարունակի զբաղվել իրեն դիմած և դիմող քաղաքացիների հարցերով: Խոսելով «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած մանդատից հրաժարվելու դիմումից հրաժարվելու մասին` նա ասաց, որ դրվագային մանրամասներն իրեն այնքան էլ չեն հետաքրքրում, բայց երևույթը լուրջ մտորումների առիթ է:
«Սա առաջին դեպքը չէ և ոչ էլ նորություն է մեր քաղաքական կյանքում: Եվ առաջին անգամը չէ, որ իմացել ենք, որ ընտրություններից հետո կամ առաջ ցուցակի բոլոր անդամները դիմումներ են ներկայացնում, որից հետո կուսակցապետն ինքն է որոշում, թե ով պետք է խորհրդարան գնա, ով ոչ: Բայց այս անգամ երևույթը հետաքրքիր էր նրանով, որ առաջին անգամ ականատես եղանք, որ թեկնածուները հրապարակայնորեն բողոքարկեցին ԿԸՀ-ում և նույնիսկ հայտարարեցին, որ իրենք չեն գրել, կամ իրենց գիտությամբ չեն գրվել այդ դիմումները: Դա նշանակում է, որ հարցը պետք է իրավական դաշտում լուծվի»,- ասաց Թ. Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ երկու ճանապարհ կա: Եթե թեկնածուները չեն գրել դիմումները, ապա իրենց ստորագրություններն են կեղծվել, իսկ եթե նրանք են ստորագրել թղթերի տակ, ապա այդ դեպքում ինչ-որ պայմանավորվածության խախտում է տեղի ունեցել: Բայց, որ սա այն լավագույն դասերից է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինեն մեր կուսակցությունները, երկրորդ կարծիք լինել չի կարող, ասում է Թ. Պողոսյանը:
Նրա դիտարկամբ հայկական կուսակցություններին խանգարում է չափից ավելի անձակենտրոն լինելը: Խանգարում է նաև այն, որ շատ դեպքերում նաև գաղափարական հիմք նույնպես չեն ունենում: Վերլուծական կենտրոնի հիմնադրի կարծիքով՝ հայկական կուսակցությունները պետք է նաև արժեքային համակարգ ունենան: Եվ եթե կարողանան այս ամենից դասեր քաղել, ձևավորեն գաղափարական հենքի վրա հիմնված, նորմալ ծրագիր ունեցող կուսակցություններ, ճիշտ թիմ ձևավորեն, ապա նման երևույթներ չեն լինի:
Պատասխանելով հարցին, թե հայկական քաղաքական ներկապնակում «Ժառանգություն» կուսակցությունը կշարունակի արդյոք ներկայացված լինել, նախկին պատգամավորը նշեց, որ կուսակցությունում եղել են երիտասարդներ, ովքեր կարող են համախմբվել և վերականգնել կուսակցության նախկին համբավը:
«Չէի ցանկանա գուշակություններ անել, թե ինչ կլինի նրանց հետ, բայց ուրախ կլինեմ, որ «Ժառանգություն» կուսակցությանը հաջողվի անցյալի սխալներից դասեր քաղել՝ ապագայում նման սխալներ թույլ չտալով հաջողվի իրենց ներկայությունն ապահովել մեր քաղաքական ներկապնակում»,- ասաց Թ. Պողոսյանը:
Արմինե Գրիգորյան