Համայնքների խոշորացման առաջին փուլը «կարկատանային» բնույթ էր կրում. Էմին Երիցյան
PoliticsԱյսօր Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, խոսելով համայնքների խոշորացման երկրորդ փուլի մասին, որով նախատեսվում է 380-ից ավելի համայնքների խոշորացում, նշեց, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի թիվ մեկ խնդիրը մնում է ապակենտրոնացման հարցը:
«Կենտրոնական իշխանության եւ տեղական իշխանությունների միջեւ հանրային ռեսուրսներն արդար ու համաչափ բաշխված չեն: Վարչատարածքային փոփոխությունների կարիք Հայաստանը միշտ է ունեցել: Սահմանադրական փոփոխություններն էլ չնպաստեցին այս առումով օրենսդրական դաշտի հստակեցմանը: Ամենադրականը Երեւան քաղաքի մասին օրենքն է, որը նպաստեց տեղական կառավարման համակարգի որոշ դրույթների ամրապնդմանը: Հայաստանում կարիք կա երկաստիճան ինքնակառավարման համակարգի: Հատկանշականն այն է, որ այս փուլում մենք դեռեւս չունենք վարչատարածքային ռեֆորմների հստակ տեսլական: Վարչատարածքային փոփոխությունների ամբողջական կոնցեպտի կարիք կա: Այսօր դեռեւս փաստական առումով չի հստակեցվել՝ ինչ ունեցանք համայնքների խոշորացման նախորդ փուլից»,- ասաց նա:
Իր խոսքում բանախոսն ընդգծեց, որ ինքը խոշորացման երկրորդ փուլում ցանկանում է դրական դինամիկա տեսնել, քանի որ խոշորացման առաջին փուլը «կարկատանային» բնույթ էր կրում։
«Ներկայիս նախագիծը առաջ է գնացել, ճիշտ է, որ նախկին խորհրդային վարչատարածքային համակարգով են գնացել, բայց լոսկուտային մոտեցումը դեռ կա: Եթե բարեփոխումը չի արվում բնակավայրն ուժեղացնելու, զարգացնելու համար, մնում է միայն կառավարման հարմարավետությունը»,- ասաց նա: