ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրով վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության միջև կոալիցիոն նոր հուշագրում որևէ պաշտոնի մասին խոսք չկա: Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կա մեկ բացառություն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,- նշեց Վարդանյանը:
Նա հավելեց, որ մյուս բոլոր խնդիրները և հարցերը կքննարկվեն ըստ ժամանակացույցի:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ հուշագրում ամրագրված բացառությունը, որ վարչապետին առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, նաև գործող Սահմանադրության դրույթ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մայիսի 11-ին կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: ՀՀ Նախագահական նստավայրում ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրել էին 2016թ. փետրվարի 24-ին, որի արդյունքում ՀՅԴ-ն նախարարական երեք և մարզպետի երկու պորտֆել ստացավ:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո մայիսի 18-ին կգումարվի ԱԺ առաջին նիստը, և հենց նույն օրը հրաժարական կտա գործող կառավարությունը և կձևավորվի նոր կառավարություն: Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն: