Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն կունենա 46 մանդատ, «Ելք»-ը՝ 14, իսկ «Երկիր Ծիրանին» 5 մանդատ
PoliticsԵրեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայան, ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5 մանդատ:
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 165-րդ հոդվածի, Երեւանի ավագանու 65 մանդատների բաշխումը կատարվում է հետեւյալ կերպ.
Յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Հենց այդ մնացորդային սկզբունքով էլ «Ելք» դաշինքը ստանում է եւս մեկ մանդատ եւ նրա մանդատների թիվը հասնում է 14-ի:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240036 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 ձայն, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 ձայն:
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քանի որ ընտրություններին երեք ուժ էր մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։
Այսպիսով, ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, Երկիր Ծիրանին՝ 5։