Փոստանջյանը «հուզական», իսկ Փաշինյանը «տրամաբանական» ընդդիմություն էր. հոգեբան
PoliticsՀոգեբան Սամվել Խուդոյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին, խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց, որ հայ հասարակությունը գտնվում է ապատիկ վիճակի մեջ, որն ընկճախտի դրսեւորումներից է:
«Անարդարության նկատմամբ անտարբերությունը դարձել է մենթալիտետ: Մարդկանց մեծ մասի համար անարդար հասարակությունը նորմալ է: Սա գալիս է խորհրդային տարիներից, շարունակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, շարունակվում է մինչեւ հիմա: Հիմնականում անարդարությունները լինում են ուժային կառույցների թողտվությամբ»,-նկատեց հոգեբանը:
Խոսելով ընտրությանը մասնակցություն ունեցած ընդդիմադիր ուժերից ու դրանց առաջնորդներից՝ հոգեբանը ընդգծեց, որ Զարուհի Փոստանջյանը չէր կարող հաղթել, քանի որ նա «հուզական ընդդիմության» ներկայացուցիչ էր, իսկ մարդիկ «հուզական ընդդիմությանը» երբեք ձայն չեն տալիս: Փոխարենը, «Ելքն» էր «տրամաբանական ընդդիմության» ներկայացուցիչ: Պարզվում է՝ քարոզարշավի ընթացքում, որպես քարոզի լավագույն մեթոդ, Նիկոլ Փաշինյանին օգնել է անմիջական շփումը` տանիքներից, իսկ Զարուհի Փոստանջյանին օգնել է հզոր ու պայքարող կնոջ կերպարը, սակայն, հոգեբանի կարծիքով, «Երկիր Ծիրանիի» ղեկավարի վարքագծում էմոցիոնալ ֆոնը չափից դուրս շատ էր, ինչն էլ խանգարել է նրան: Դե իսկ ՆԻկոլ Փաշինյանն էլ պետք է աշխատի իր ձայնային էլեւէջների վրա՝ հետագայում էլ ավելի լուրջ արդյունքներ գրանցելու համար: