Առողջապահության նախարարը՝ իր հրաժարականի ու նույն աթոռին հայտնվելու ակնկալիքի մասին
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կլինի նոր ձեւավորվելիք կառավարության կազմում, թե՞ ոչ, նշել է. «Նախորդ 8 ամսվա ընթացքում նախագծել ենք նախագծեր, որոնց իրականացման դեպքում 3-5 տարի անց կարող ենք ասել, որ ունենք կայացած համակարգ։ Եթե որոշվի, որ աշխատելու ենք, մենք ձեռնամուխ կլինենք, որպեսզի նախագծերը կայանան։ Եթե ոչ… ես երեւի ապահովագրություն չվերադառնամ, բայց ունեմ մի քանի նախագծեր, որոնցով կզբաղվեմ»,- ասաց նա` հավելելով. «Ես, ցանկացած քաղաքացու նման, գիտեմ այսօրվա խորհրդարանի կազմը։ Ինչ վերաբերում է իմ ապագա աշխատանքին… Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, եւ ես՝ իմ կոլեգաների հետ միասին, պարզ է, պետք է հրաժարական տամ, ինչը ես կանեմ»,-ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ, խոսելով առաջիկա իրականացվելիք ծրագրերից, տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվա վերջից կմեկնարկի Հայաստանում թվով 1000 հիվանդների բուժման համար նախատեսված Հեպատիտ C-ի ծրագիրը: «Այն մարդիկ, որոնց առողջական վիճակը կարող է վատթարանալ տարիների ընթացքում, լիարժեք բուժման հնարավորություն են ստանում ներմուծված դեղերի շնորհիվ՝ ամենաթանկ դեղն անվճար ստանալով, եւ միեւնույն ժամանակ այդ հիվանդության տարածման կանխարգելման որպես առավել արդյունավետ մեթոդ է դա դիտարկվում», - նշեց նա:
Իսկ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր հերթին հավելեց, որ Հեպատիտ C-ի բուժման մեջ օգտագործվող դեղորայքի արժեքը բավական մեծ է. հաճախորդի հաշվարկով այն հասնում է մոտ 86 հազար ԱՄՆ դոլարի՝ երեք ամսվա կուրսի համար: «Մենք Հայաստանում ունենք շուրջ 2000-2500 հիվանդ, որից 1000-ը այս ծրագրի շրջանակներում լիարժեք եւ վերջնական բուժում կստանան», - ընդգծեց նախարարը:
Սոսե Չանդոյան