Ռոուհանին 57 տոկոս ձայներով հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում
ՄիջազգայինԻրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 57 տոկոսը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Իրանի նախագահի պաշտոնին հավակնում էին չորս թեկնածու՝ Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան և պահպանողականների թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը:
Առաջին տուրում հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել քվեների 50 տոկոսից ավելին:
Իրանի հանրային հեռուստաընկերությունը շնորհավորել է նախագահին նախքան արդյունքների պաշտոնական հրապարակումը: Բացի այդ, շնորհավորանքներին միացել են նախագահի պաշտոնի համար մրցավազքում Ռոուհանիի երկու մրցակիցները:
Իրանի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել մայիսի 19-ին: Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 56 մլն քաղաքացիների շուրջ 70 տոկոսը:
Նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացվել են նաև քաղաքային խորհուրդների ընտրություններ: