ՀԱՀ-ում տղամարդիկ դուրս են եկել երթի՝ ի պաշտպանություն կանանց
Международные новостиՄի քանի հարյուր ցուցարարներ, որոնց մասը տղամարդիկ, երթի են դուրս եկել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում՝ իրենց բողոքն արտահայտելով կանանց եւ երեխաների նկատմամբ տարիներ շարունակ շարունակվող բռնությունների դեմ, հաղորդում է BBC-ն։
Երթը գլխավորել է ոտքից գլուխ սպիտակ հագած կինը։ Ակցիայի մի քանի մասնակիցների ձեռքին եղել են կանանց անուններով պաստառներ, որոնք սպանվել են ընտանեկան բռնության հետեւանքով։
Երթի կազմակերպիչներից մեկի խոսքով, եկել է ժամանակը, որ բոլոր տղամարդիկ պատասխանատվություն կրեն կանանց ծեծի, բռնաբարությունների ու սպանությունների համար, որոնց մասին տեղեկությունները ժամանակ առ ժամանակ տեղ են գտնում մամուլում։
Պաշտոնական տվյալներով, միայն 2016 թվականին ոստիկանությանը հայտնի է դարձել բռնության շուրջ 64 հազար դեպք։
Այս շաբաթ երկրի նախագահ Ջեյքոբ Զուման այցելել է մի ընտանիքի, որի 3-ամյա դստերը բռնաբարել եւ սպանել էին։ Զուման երկրում ստեղծված այս իրավիճակը կրիտիկական է համարել։