Չինաստանի իշխանություններն ազատվում են ԿՀՎ-ի գործակալներից. լրատվամիջոց
ՄիջազգայինՎերջին 2 տարիներին Չինաստանում սպանվել կամ բանտարկվել են ԿՀՎ-ի 18-ից մինչեւ 20 իրազեկիչներ, որը զգալի վնաս է հասցրել այս երկրում հետախուզական գործողություններին, հայտնել է New York Times-ը: Այս տեղեկությունը պարբերականին փոխանցել են հատուկ ծառայությունների 4 աշխատակիցներ:
Նրանց խոսքով՝ սա վերջին մի քանի տասնամյակների ամենալուրջ ձախողումն է:
ԿՀՎ-ի աշխատակիցներն ասել են, որ Չինաստանի կառավարության աշխատակազմից տեղեկությունների հոսքը դադարել է 2010 թվականից: Գործակալները սկսել են անհետանալ 2011-ի սկզբից: Նրանցից առնվազն մեկին պետական շենքի բակում գնդակահարել են իր գործընկերների ներկայությամբ:
Վարկածներից մեկի համաձայն՝ չինացիներին հաջողվել է կոտրել ԿՀՎ-ի հաղորդակցման համակարգը: Հնարավոր է նաեւ, որ ցանցը բացահայտվել է 2010 թվականին Չինաստանի հակահետախուզության ներդրած «խլուրդի» օգնությամբ:
Այս պատմության հետաքննությամբ զբաղվել է ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի աշխատակիցներից կազմված խումբը: Գործողությունը կոչվել է «Մեղրակեր» (Honey Badger): Արդյունքում քննության թելերից մեկը հասել է ԿՀՎ-ի նախկին օպերատիվ աշխատակցին, սակայն նրա դեմ բավարար հանցանշաններ չեն հավաքվել: Հիմա նա բնակվում է ասիական երկրներից մեկում:
ԿՀՎ-ն այս լուրերը պաշտոնապես չի մեկնաբանել: