Աֆղանստանում Գերմանիայի քաղաքացու են սպանել
ՄիջազգայինԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված մարդիկ սպանել են Գերմանիայի քաղաքացու: Այս մասին գերմանական dpa գործակալությանը հայտնել է Աֆղանստանի ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նաջիբ Դանիշը: Նրա խոսքով անհայտ անձինք առեւանգել են նաեւ Ֆինլանդիայի քաղաքացու, փոխանցում է DW-ն:
Միջադեպը տեղի է ունեցել այն հյուրանոցի առջեւ, որտեղ նա իջեւանել էր: Հարձակման ընթացքում սպանվել է նաեւ հյուրանոցի պահապանը: Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն:
Աֆղանստանում իրավիճակի վատթարացման պատճառով միջազգային շատ կազմակերպություններ այս երկրում իրենց աշխատակիցների թիվը կրճատում են եւ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկում: Այսպես՝ գերմանական Միջազգային համագործակցության միությունը (GIZ) մայիսին փակել է Քաբուլի կենտրոնում գտնվող իր բյուրոն՝ աշխատակիցներին տեղափոխելով մայրաքաղաքի ծայրամասում տեղակայված ուժեղացված հսկողությամբ ճամբար: Մազարի-Շարիֆա քաղաքում ձմռանը թալիբների հարձակումից հետո Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է գերմանական ռազմական բազա: