Էրդողանի կուսակցությունն ինչպես եկել է, այնպես էլ կգնա. թուրք փորձագետ
ՄիջազգայինՀայտնի թուրք հեռուստամեկնաբան և քաղաքական փորձագետ Օմար Թուրանը, խոսելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում տիրող վիճակի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կուսակցության նախագահությունը կրկին ստանձնելու մասին, նշել է, որ իշխող կուսակցությունը խորը ճգնաժամի մեջ է և որ նրա «վերջը եկել է»:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, ըստ Թուրանի՝ թուրքական քաղաքական պատմության մեջ ԱԶԿ-ի ժամանակաշրջանն այլևս անցյալում կարելի է համարել, մանավանդ կուսակցության վերջին համագումարից և ներքին կադրային փոփոխություններից հետո:
«Կուսակցական վերջին ցուցակն ավելի վատն է, քան մենք կարող էինք պատկերացնել: Բոլորը սպասում էին, որ Էրդողանը վճռական փոփոխությունների կդիմի, սակայն այդպես չեղավ: ԱԶԿ-ն ինչպես եկավ, այդպես էլ կգնա», - ասել է հայտնի փորձագետը:
Նշենք, որ նախօրեին կայացած կուսակցական համագումարում Էրդողանը վերընտրվել է իշխող կուսակցության ղեկավար:
Թուրքիայի նախորդ Սահմանադրությունը չէր թույլատրում երկրի նախագահին լինել կուսակցության նախագահ, սակայն ապրիլի 16-ին ժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներով այդ խոչընդոտը վերացվել է: