Թեհրանը հայտնել է ԱՄՆ-ի «իրանատյաց» քաղաքականության հետեւանքների մասին
ՄիջազգայինԱՄՆ-ի քաղաքականությունում «իրանատյացությունը» ամրապնդում է Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների դիրքերը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով Էր Ռիյադում ընթացած ամերիկա-արաբական գագաթնաժողովի արդյունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ նախագահի եւ մի շարք արաբական ու իսլամական երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը կիրակի ավարտվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Տարածաշրջանի երկրների առաջնորդների առջեւ իր ելույթի ընթացքում Թրամփն Իրանին մեղադրել է ահաբեկչության ֆինանսավորման եւ «աներեւակայելի հանցագործություններ կատարած» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մեջ: Իրանը գագաթնաժողովին չի մասնակցել:
«Իրանի ընտրություններից 48 ժամ հետո, որոնք մեծ մասնակցություն ցուցադրեցին, ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայից փորձում է իրանատյացություն տարածել եւ սուտ հայտարարություններով է հանդես գալիս, որպեսզի զենքի գործարքներ կնքի: Ցավոք, ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը հանգեցնում է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների հզորացմանը եւ ամրապնդում է այս խմբավորումներին բռնապետական երկրների կողմից ցույց տրվող աջակցությունը»,- հայտարարել է Ղասեմին՝ նկատի ունենալով Իրանում անցկացված նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է բարեփոխիչ Հասան Ռոհանին՝ ընտրողների 70 տոկոսի մասնակցության պայմաններում: