«Կազանյան փաստաթուղթն ավելի ընդունելի է». Խոսրով Հարությունյան
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, խոսելով պառլամենտական ընտրություններից հետո զարգացումների բացակայմանը, նշեց, որ 25-ամյա պատմության ընթացքում առաջին դեպքն էր, երբ ընտրությունների արդյունքները կասկածահարույց չէին, ուստի որեւէ ալիք չբարձրացավ:
ORER.am-ի հաղորդմամբ՝ Պատգամավորն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում ունեցած ելույթին: Ըստ նրա` նախագահի ուղերձը «հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ խոսք էր». «Այն առաջ էր քաշում խնդիրներ, որոնք ավելի երկարաժամկետ էին: Տեր-Պետրոսյանի` նախընտրական մրցապայքարում հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլեւ հանրապետությունից դուրս:
Նա ձեւակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել. սա էր ենթադրում նախագահի ելույթը»,- ընդգծեց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը հավելեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ մեզ համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը:
«Չնայած նախագահի խոսքը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ` որ դրա հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիեւը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- ասաց պատգամավորը: