Բանկոմատների անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվելու են նոր մոտեցումներ
ՀասարակությունՀՀ կենտրոնական բանկը մի շարք որոշումներ է կայացրել բանկերի գործառնական ռիսկերի նվազեցման նպատակով: Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը նշեց, որոշումներից մեկը վերաբերում է բանկերի կողմից շահագործվող ինքնասպասարկման սարքերի ֆիզիկական անվտանգությանը:
«Այդ համակարգերը պետք է օժտված լինեն տեսանկարահանող և ազդարարող սարքերով, որոնք իրենց մեջ պարունակում են հատուկ ներկանյութեր: Տարբեր եղանակով ցանկացած անօրինական միջամտության արդյունքում այդ համակարգը գործարկվում է, և բանկոմատում առկա թղթադրամները ներկվում են հատուկ ներկանյութով` դրանք դարձնելով ոչ պիտանի և անվճարունակ»,- ասաց Աբրահամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մյուս փոփոխությունը վերաբերում է բանկերի տեղեկատվական անվտանգության բարձրացմանը: Նրա խոսքով` բանկերը պետք է պարբերաբար իրականացնեն տեղեկատվական համակարգերի և ցանցերի ներթափանցման թեստավորում, որը հնարավորություն կտա բացահայտել իրենց տեղեկատվական ցանցերի խոցելի և ռիսկային տեղերը:
«Այդ արդյունքերի վրա հնարավոր կլինի հնարավորինս բացառել կամ վերացնել թերությունները: Դրանք կարող են իրականացվել միջազգային համապատսարխան ընկերությունների կողմից, որոնք այդ ոլորտում ունեն փորձ»,- ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսակ ան համակարգի կարգավորման վարչության պետը: