Թրամփն ավարտել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիցիլիայի Սիգենելե իտալական ռազմաբազայում գտնվող ամերիկացի զինծառայողների առաջ ելույթ ունենալուց հետո իր ինքնաթիռով մեկնել է Վաշինգտոն` ավարտելով իր առաջին արտասահմանյան այցը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են նրան ուղեկցող լրագրողները:
ԱՄՆ ղեկավարն իր առաջին պաշտոնական արտասհմանյան շրջագայությունն սկսել է անցյալ ուրբաթ: Այս ընթացքում նա հասցրել է այցելել Սաուդիան Արաբիա, Իսրայել, Բեթղեհեմ, Բելգիա, Իտալիա:
Վատիկանում ամերիկացի առաջնորդը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, այնուհետև Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որից հետո վերադարձել է Իտալիա` մասնակցելու «Մեծ յոթնյակի» համաժողովին:
Ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյան, Թրամփի դուստրը` Իվանկան և փեսան` Ջարեդ Կուշները: