Մեծ Բրիտանիան իջեցրել է ահաբեկչական վտանգի մակարդակը
ՄիջազգայինՄիացյալ Թագավորությունը իջեցրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է BBC-ն:
Փոփոխությունը նշանակում է, որ հարձակումը շատ հավանական է, բայց ոչ անխուսափելիորեն սպասելի:
«Անկախ վերլուծական կենտրոնն այս առավոտյան որոշում է կայացրել իջեցնել սպառնալիքի մակարդակը «ծայրահեղ»-ից «լուրջ»-ի»,- հայտնել է Բրիտանիայի վարչապետը COBRA արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստից հետո:
Թերեզա Մեյը նշել է, որ սպառնալիքը նվազել է վերջին 24 ժամում ոստիկանության գործունեության շնորհիվ:
Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիան բարձրացրել էր ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «լուրջ»–ից մինչև «ծայրահեղ»:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։